Պատերազմի պատրանքը
02.10.2020 | 01:36
«Էդիտ Պրինտ» հրատարակչությունն ընթերցողի սեղանին է դրել ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿԻ «Սև կոթողը» վեպը (Երևան, 2020, թարգմանությունը գերմաներենից՝ Աննա Ռոստոմյանի)
«Պարտադիր չէ, որ գրողի ներկայությունը խաթարի իրականության պատրանքը» (Լ.-Զ. Սյուրմելյան) Իսկ... որոշապես վավերագրողի՞, որ գրողի հանդգնություն ուներ՝ իր խիզախումը բարձրաձայնելու պատերազմի ողբերգական հետևանքները ըստ էության ներկայացնելու համար, քանի որ հետագա սերունդների ինքնաոչնչացումը շարունակվում է «կրկնվող» պատերազմներով։ Միջանկյալ նշենք, որ հարկ չենք համարել անդրադառնալ հայերեն թարգմանության լեզվաոճական որոշ հարցերի, այն, ինչ այս պարագային խնդրահարույց չէ:
Էրիխ Մարիա Ռեմարկը (1898-1970) իբրև գրող, դրամատուրգ, սցենարիստ, Առաջին աշխարհամարտի մասնակից, վերապրել էր այն ամենը, ինչ հետագա տարիներին պիտի ճշմարտորեն արձագանքվեր իր վեպերում («Երազների դասականը» (1920), «Կայարան հորիզոնի վրա» (1927), «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» (1929), «Վերադարձ» (1951)։ Հատկապես վերջին վեպով Ռեմարկը «նախազգուշական» կրակոցներ է արձակում ընդդեմ պատերազմի և պատերազմային իրականության, այն, ինչ խիստ վտանգավոր ու անթույլատրելի համարվեց 1933 թվականին ռազմական հեղափոխությամբ նացիստական դիկտատուրա հաստատած Ադոլֆ Հիտլերի կողմից, և պրոպագանդայի նախարար Յոզեֆ Գեբելսի նախաձեռնությամբ գրողի վեպերը Գերմանիայում համարվեցին հակազգային և արգելվեցին, իսկ նա՝ «ֆրանսիական հրեա», իսկ մի քանի տարի անց (1938) 3-րդ Ռայխի կողմից զրկվելով Գերմանիայի քաղաքացիությունից՝ Ռեմարկն արտաքսվեց երկրից։
Հարկ ենք համարում նշել. մինչ Էրիխ Մարիա Ռեմարկը համաշխարհային գրականության մեջ պատերազմավեպի, հատկապես Առաջին աշխարհամարտին վերաբերող, հակապատերազմական թեման ընդհանրացնող բացառիկ ստեղծագործություն էր հրատարակվել. Յարոսլավ Հաշեկի «Քաջ զինվոր Շվեյկի արկածները» (1923)։ Ի տարբերություն Ռեմարկի վեպերի, որոնք հրատարակվել են հետագա տարիներին, Հաշեկի վեպի իրադարձությունների կիզակետում Շվեյկն էր՝ իր թվացյալ «կատարյալ ապուշ» վարքագծով, երգիծանքի դրամատիկ շեշտադրումներով։ Ռեմարկի «Սև կոթողը» վեպում երգիծանքը որպես մեթոդ չի կիրառված և երբեմն նկատելի երգիծախառն իրադարձային «լեզվական վարժանքները» կերպարի, կերպարների, գրոտեսկային նկարագրերն ընդգծելու միտումով են միայն մտահղացված. այն, ինչ առավելս է նկարագրելի պատկերավոր դարձնում իրականությունը և ժամանակը։
«Երեք ընկեր» (1936), «Սիրիր մերձավորիդ» (1939), «Հաղթական կամար» (1945), «Սև կոթողը» (1956), ինչպես նաև հետմահու հրատարակված «Ստվերներ դրախտում» (1971) վեպերում, և ընդհանրապես նրա հեղինակած դրամաներում և կինոսցենարներում և Ռեմարկը պատմական հետագա բոլոր իրադարձությունները, որ ծավալվում են իր երկրում և ընդհանրապես աշխարհում, վերապրել է։ Առաջին աշխարհամարտից ստացած տպավորությունների գրեթե շարունակական մտահոգությամբ էր ահազանգում՝ պատերազմի ականատեսի փորձառությամբ։ ՈՒշագրավն այն է, որ ԱՄՆ վտարանդվելուց հետո սկսվել էր Երկրորդ աշխարհամարտը. Ռեմարկի «հակահայրենասիրությունը» չի ներվում նաև այդ ժամանակ, և քույրը՝ Էլֆրիդ Շոլզը, մահապատժի է ենթարկվում (1945), եղբոր «արարքների» համար. «Կյանքի կայծ» վեպը (1952) գրողը նվիրում է քրոջ հիշատակին։
«Ազգի դավաճանի կոչման» արժանացած, գիտակցական կյանքը ազատասիրության գաղափարներին նվիրաբերած գրողը վստահ էր, որ նացիստական գաղափարաբանության մեջ կենսունակ ուժ ստացած ռասայական խտրականությունը գերմանացիներին դարձրել էր այլատյաց՝ ոգեզրկելով նրանց բնատուր մարդկային բնազդն ու տարրական վարվեցողությունը։ Այս ամենը ճշմարտորեն արտահայտել է նացիստական համակենտրոնացման ճամբարում մահապատժի ենթարկված (1945) գերմանացի քահանա, աստվածաբան, հակաֆաշիտ Դիտրիխ Բոնհոֆերը. «Չարը մշտաբար ինքն իր մեջ կրում է սեփական կործանման սաղմը, քանի որ մարդկության մեջ անպայմանորեն թողնում է անհանգստության զգացումներ ու տագնապներ». մտահոգող տագնապներ, որոնք մարդուն «ինքն իր դեմ» պայքարելու ունակությունից իսպառ զրկում են։
«Երբեք մի սպանիր քնած մարդուն». դա Աստծո 11-րդ պատվիրանն է, «Սև կոթողը» վեպի հերոսներից մեկի՞, թե՞ հեղինակի խորհրդածումն է, որ յուրահատուկ կերպով ցուցանում է ստեղծագործության, որ իրականում հակապատերազմական ճշմարտացի էպոպեա է, գրելու շարժառիթայնությունը։
Մահը և մահվան դեմ հանդիման կանգնած ցուցարարի, իրականում պայքարող գրողի համար ոչ միայն պատերազմի հարուցած իրականությունն է մերժելի, այլև մարդու՝ մարդկայինից զրկված լինելու խնդրահարույց տագնապները, և առաջին հերթին ընկերային (սոցիալական) անապահովության ճիրաններում անհուսորեն հայտնվելու վիճակը. «Դոլարի փոխարժեքը նման է մահվան, դու դրանից չես կարող խուսափել» և ավելի քան անկարելի է, որովհետև պատերազմ տեսած զինվորների հետպատերազմական թշվառությունը այլ բան չեն գուժում. նրանք ամեն պահ մահվան լուրի են սպասում... տապանաքարեր վաճառելու մտահոգությամբ։
Ռեմարկը վեպում մշտաբար որոնում է զինվորի մտատիպի (մենթալիտետի) այն որակները, որոնցից ինքը ճակատագրի բերումով հրաժարվել է կամ իրեն հրաժարեցրել են, և պատահական չէ բանաստեղծ-ճաշարանատիրոջ խոստովանությունը՝ կիսահեգնական, գրեթե ինքնամերժ. «Ինչպիսի դավաճաններ ենք մենք՝ մեր վեհապանծ հույզերով»։
Այդ հույզերով նրանք ոգեկոչվել, զորակոչվել էին դեռևս պատանի, երբ նույնիսկ չէին հասցրել թոթափել իրենց տղամարդկային կուսության չափազանց ծանր, բայց իրականում «թեթև» բեռը, ու դուրս էին շպրտվել հասարակաց տնից՝ ունենալով այն մտավախությունը, որ... «Իսկ եթե չվերադառնան պատերազմի՞ց»։ Կա՞ ավելի քան վերապրելի զուտ մարդկային ողբերգություն, երբ ճշմարտության բովանդակությունը իրենց համար այնքան պարզ, ըմբռնելի ու մանավանդ տեսանելի է, ինչպես «անիմաստության պայքարում» զոհվելը՝ մինչ այդ քաջ իմանալով՝ հանուն ոչնչի։
Այլ խոսքով ազգային սնապարծության, իբրև զտարյուն արիացի, ազգային շահը գերակա է բոլոր ազգերի ու ազգությունների շահերից, չնայած «Ամեն ոք իր սեփական մահն ունի», գրողական դիտարկումը, որ ամենևին էլ սոսկ դիտարկում ու շեշտադիր խոսք չէ, այլ պատերազմում զոհված ընկերների տեսիլքներից «հառնած» վերապրում։ Եվ սա գուցե բնազդաբար «սպրդած» լինելով նրանց առօրյա՝ ինչ որ պահ նրանց ներկա վիճակն է արդարացնում. «Բնազդների աշխարհը և մեռնողների ուղեղը այնքան էլ վստահելի չեն» (Պիկասո)։ Նրանք խորապես բնազդով առաջնորդվելու կարողությունը դեռ չեն «թոթափել»։ Եվ պատահական չէ Գեորգի ինքնախոստովանությունը՝ բնորոշ վեպի գրեթե բոլոր կերպարներին. այս պարագային առանց բացառության դագաղագործ Վիլքեին, թոշակառու սպա Վոլքենշթայնին, Քնոբլոխին, անգիտակից, գուցե և գիտակից անբարոյությամբ ապրող Գերդա և Էռնա կանանց, մյուսներին, որոնք վեպի դիպաշարում առանձնահատուկ են յուրովի, ամեն մեկն իր կենսունակությամբ ժամանակաշրջանը բնորոշող. «ՈՒզում եմ հիմար լինել, բացարձակ հիմար, դա մեր ժամանակներում մեծագույն պարգև է»։ «Կատարյալ հիմարի» ու «կատարյալ գժի» տարբերությունը այդպես էլ չի հանգուցալուծվում։ Եվ սա Ռեմարկի գրողական հնարանքն է։ Իսկ «Քունը, ուտելը և կնոջ հետ անկողին մտնելը» նպատակ է բոլորի համար. գրեթե նպատակի իրագործում՝ դժվարին թվացող, բայց ճիգով իրագործելի, համարյա իրենց ապրած կյանքի իմաստը հավասարակշռող։ Իրականում նրանք միայնակ են, մեկուսի ապրող, չնայած որոշակի հարաբերություններով առնչվող՝ հիշողություններ արթնացնելու համար միայն, բայց «միայնությունը վրա է հասնում ասես ամբոխի մահակ»։
Փոքր-ինչ այլ «դիտարկում» ունի իր բազմակի կյանքերով ապրող Իզաբելը. մշտաբար խիստ մտահոգ՝ գրեթե մահվան վախը շուրթերին. «Նրանք բոլորը դրսում են կանգնած, սպասում են, ուզում են ինձ բռնել»։ Ակամա մտաբերվում է Մորիս Մետեռլինկի «Տենտաժիլի մահը» դրամայի կերպարներից Տենտաժիլի մտավախ, անշարժունության մեջ պարփակված կերպարը՝ նրբագծված մահվան անորսալի «ստվերներով»՝ իր ես-ի հետ միայնության որոգայթներում։
Ռուդոլֆի (Ռալֆի) և Իզաբելի երկխոսություններում, հոգեբուժարանի և իրական աշխարհի միջև եղած, գուցե և նույնական, տարբերությունները մտագար՝ հետագայում լիովին ապաքինված աղջկա տարածության և ժամանակի ընկալումներում հանդերձյալ աշխարհը և իրականությունը, որտեղ ինքն ապրում է և չի ապրում հայելու (հայելիների) միջոցով է միշտ նրան կյանքի կոչում։ Եվ իր համար ապրելու և չապրելու «գաղտնիքը» ավելի քան առարկայական է՝ ենթակայական գրեթե ոչինչ չհարուցող։ Եվ եթե նախկին զինվորները ապրում էին այն ընկալմամբ և «պաշտպանվենք սեփական կոտորածից» կենսակերպը անհրաժեշտ են համարում, քանի որ «մանկությունը փլուզվեց պատերազմից», իսկ սովի, խարդախության ժամանակները հետագայում վերափոխվեցին «խրամատների և կյանքի հանդեպ ագահության ժամանակների», ապա «գերմանական հեղափոխության» հանդեպ ունեցած բացահայտ սարկազմը դիմազրկում է այն իրականությունը, որտեղ գերմանացի ժողովրդին վիճակված է ապրել։
Իրարահաջորդ պատկերումներում, կոթողը հաճախադեպ ներկայանալի, որ իրականում Սև կոթող է վեպի վերնագրով պատճառաբանված, մի դեպքում ամբողջանում է իր նախնական նշանակությամբ. «Կոթողը չի վաճառվում, ամեն երեխա գիտի», մեկ այլ դեպքում արժեզրկվում է, այլ խոսքով՝ պղծվում է ֆելդֆեբել Քնոպվի սև կոթողի վրա միզելու ցանկությամբ։ Եվ գրոտեսկային այս հղումով՝ նախկին զինվորներին համարելով «Պատերազմական ժամանակաշրջանի արտադրանքներ»՝ փաստվում է, որ այնքան էլ «նախկին չեն» և իրե՛նց պատերազմն են անընդմեջ ապրում. բայց ու՞մ դեմ, իրենք իրենց չկայացած երիտասարդությա՞ն անգիտակից թե՞ գիտակից նվիրաբերման: Թերևս հակապատերազմի, որ ընդգծված գաղափարաբանությունն է՝ իրականում «տանուլ տված պատերազմի»։
«Սև կոթողը» վեպի գրեթե ամեն կերպար երջանկության փնտրտուքներում մենակ է, բայց վստահ, որ իրականության «սահմանած» իր պատժաչափը ժամանակավոր է. Իզաբելն այլ կարծիքի է. «Եթե բոլորը երջանիկ լինեն, ապա Աստծո կարիք չեն ունենա»։ Իսկ աղջկան բուժող բժիշկ Վենիքեն համոզված է, որ Աստծո և մարդու մասին իր դատողություններում. «Տարօրինակ է այն, որ դուք տարիների ընթացքում, և այն էլ քսանհինգ տարիների, էապես շատ մահ, խեղճություն ու մարդկային հիմարություն եք տեսել...»։ Բժիշկը թերևս նախընտրելի է համարում ինքնասպանի «կարգավիճակը»։ Ռեմարկը ոգեկոչում է. «Մարդ մի անգամ է ապրում՝ ավելի շատ հարաբերական, քան բացարձակ իմաստով»։ Եվ մարդուն բացարձակ արժեք ներկայացնելու կենսադիրքորոշումով է «պատերազմ հայտարարել» բոլոր ժամանակների պատերազմներին. «Ինչու՞ ենք այդքան հուզված մեկի մահով, ու մոռացել ենք այն երկու միլիոնը։ Սա այդպես է, քանի որ մեկի մահը մահ է, իսկ երկու միլիոնինը՝ վիճակագրություն»։ Իրապես, կյանքում այն շարունակական է, պատերազմի և իրականության «նմանակումով» գրողը այնպիսի տեսակետներ է հայտնաբերում, որոնք հարկադրաբար «օրենքի ուժ» ունեն՝ ցայժմ, ժամանակ և տարածություն չճանաչելով...
Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ
Մեկնաբանություններ